Այսօր կայացավ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության հիմնադիր համաժողովը:
«Նախաձեռնող խմբի աշխատանքի արդյունքում ձևավորվել է համակարգող խորհուրդ` կազմված մտավորականներից, երիտասարդներից, Հայաստանի քաղաքացիներից, ինչպես նաև քաղաքական գործիչներից, որոնք այս շարժման մեջ հանդես են գալիս որպես անհատներ»,- բացման խոսքում ասաց ԺՀԿ փոխնախագահ ԿԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ` նշելով խորհրդի անդամների անունները` Աշոտ Մանուչարյան, Գրիգոր Բարսեղյան, Արա Մակվեցյան, Լուսինե Ղազարյան, Մկրտիչ Գրիգորյան և այլք:
Պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ասաց, որ մեկ-մեկուկես տարի առաջ սկսեցին շարժումը` իշխանափոխության նպատակով. համարում էին, որ այսօրվա վիճակի պատճառը իշխանություններն են. «Մենք չէինք սխալվում, բայց դա միակ պատճառը չէր: Մենք չունենք հասարակություն, որ պատրաստ է պայքարելու իր իրավունքների համար: Չենք ուզում փնովել մեր հասարակությանը, ինչպես ասացի` պատճառները շատ են, պետք է գտնենք ելք»: Փոխգնդապետը նշեց նաև, որ պատրաստ են նպաստելու ծրագրի իրագործմանը, որը սեփականաշնորհված չէ որևէ խմբի կողմից, բոլոր առողջ ուժերը, այդ թվում` կուսակցությունները, կարող են առաջնորդվել դրանով ու պայքարի մեջ մտնել հանուն Հայաստանի ապագայի: «Հուսահատված չենք, ուղղակի տագնապներ ունենք»,- ընդգծեց նա:
ԵՊՀ դասախոս, կրոնագետ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ իր մտահոգությունը հայտնեց Իսլամական պետության առիթով, որը, ըստ նրա, ի սկզբանե ստեղծվել է աշխարհակալության համար` տարածվելով նվաճումների ու պատերազմների հաշվին: Ընդգծեց նաև, որ երբ տեղահան արեցին քեսաբահայությանը, մեզանում համապատասխան տագնապ չհնչեցվեց: Մինչդեռ խոսքը սփյուռքի մասին է, որ աստիճանաբար վերանում է, բայց մեզանում դրա իրական պատկերացումը չկա: Վարդան Խաչատրյանը եզրահանգեց, որ մեր մեջ գոյություն ունի համաշխարհային իշխանության ցանց, ոչ միայն անձինք, այլև կազմակերպություններ, որ հետապնդում են հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեցող շահեր: «Ելքը հավաքական ուժի կենտրոնացումն ու դիմադրության մակերևույթ ստեղծելն է: Պիտի կարողանանք մեր թուլությունը վերածել ուժի»,- ընդգծեց Վարդան Խաչատրյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ